ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՍՐԲՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅԱՆ ԲԱԽՈՒՄ

ՍՐԲՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅԱՆ ԲԱԽՈՒՄ
02.11.2010 | 00:00

ՄԵԾԵՐԻՆ` ՄԵԾ ԲԻԶՆԵՍ, ՓՈՔՐԵՐԻՆ` ՓՈՔՐ
Հոկտեմբերի 27-ի ազգամորմոք օրը կրկնակի կորստյան օր է իմ ընտանիքի համար։ Այդ օրն է մահացել կինս, և հերթական տարելիցին հոգեհանգստյան աղոթքի արարողության համար դիմեցի Սուրբ Սարգիս եկեղեցի։ Տեր Շահեն քահանայի խորհրդով փնտրեցի տեր Հայկազուն հոգևորականին` արարողությունը «հատուկ մատյանում» գրանցելու համար։ Գտա, գրանցեցի։ Այստեղ ինձնից ոչ մի վճար չպահանջեցին, միայն ասացին, որ արարողությանը հետս բերեմ «մեկ շիշ գինի, մեկ շիշ ձեթ, մեկ տոպրակ ալյուր և 13 հատ (և ինչո՞ւ 13) սպիտակ մոմ»։ Անհարմար զգալով հարցնել, թե, լավ, բա ձեթն ու ալյո՞ւրը ինչի համար են, այդ ամենը տարա։ Ընդ որում, եկեղեցում մեկ սպիտակ մոմի արժեքը 500 դրամ է։ Եվ առհասարակ, մոմը շատ թանկ է։ Դե, ես, իհարկե, մոմը դրսից գնեցի, հատը 80 դրամով։ Նույն մոմից, ինչ վաճառվում է եկեղեցում։ Պատկերացնո՞ւմ եք` 500 և 80։ Լավ, գլուխը քարը։ Տարա։ Արարողությունը մի 10 րոպե տևեց։ Այստեղ էլ վճար չպահանջեցին, բայց մեզնից առաջ «օրհնվածների» օրինակով մենք էլ ամեն մեկս 1000-2000 դրամ «խաչհամբույր» դրեցինք մետաղյա ամանի մեջ։ Առանց խաչը համբուրելու, այդ բանը չառաջարկվեց։ Գուցե կարգն է այդպես։ Ի՞նչ գլուխներդ ցավեցնեմ, եթե կուզեք` խոսքս այլ բանի մասին է։ Հիշում եք այն գինին, ձեթը, ալյուրը, մոմը։ Դրանք, ախր, պետք չեկան, չօգտագործվեցին, այդպես էլ դրված մնացին դռան մոտի սեղանիկի վրա։ Բանն այն է, որ դրանք պահանջելիս չէին ասել, թե ինչի համար են, հիմա էլ չասացին և չօգտագործեցին։ Այն, որ մոմը, հավատացյալների զգացմունքները, եկեղեցու հանդեպ ակնածական վերաբերմունքը չարաշահելով, խիստ եկամտաբեր բիզնեսի առարկա է դարձել, գիտեինք, տեսնում ենք։ Բայց այս մեկը չգիտեինք։ Օգնությո՞ւն է, բարեգործության հրավե՞ր (պարտադրանք), թե՞ մուրացկանություն։ Ինչպես կկամենաք։ Բայց դա արվում է «շուստրիաբար», խա-բե-ու-թյամբ։ Սա էլ սրանց (փոքրավորների) բիզնեսն էր։ Մեծերին` մեծ բիզնես, փոքրերին` փոքր։ Ինչ տեսնում, այն էլ սովորում են և կիրառում (կոտրում) մեր ժողովրդի գլխին։ Արեք-արեք, տեսնենք վերջն ո՞ւր ենք հասնելու։ Մի հավատք ունեինք, այն էլ հարամ արեցիք։
ՄԻԱՅՆ ԹԵ ՓՈՂ ԴՈՒՐՍ ԳԱ, ՉԷ՞, ՊԱՐՈՆ ՔՈԹԱՆՋՅԱՆ
Առիթի բերումով մի հարցի մասին էլ խոսեմ։ ՈՒրեմն եկեղեցուց մեկնեցինք Զեյթունի գերեզմանոց, ուր հանգչում է վաղամեռիկ տիկնոջս աճյունը։ Հայերս մի անանց ակնածանքով ենք միշտ վերաբերվել հանգուցյալների հիշատակին, գերեզմանին, գերեզմանոցին։ Իսկ այս գերեզմանատանը վերջին տարիներին այլ վիճակ է։ ՈՒռուցքաբանության ինստիտուտի դիմացի մասից (եթե չեմ սխալվում ՈՒլնեցի-Ֆանարջյան փողոցների հատման մասից) սկսվող նեղլիկ շրջատար «ճանապարհը» ոչ միայն գրեթե անանցանելի է դարձել, քարուքանդ վիճակում է, այլև այդ հատվածի բնակիչների հողազավթումների պատճառով երևի շուտով փակվի էլ։ Ահա այդ օրն էլ, ավտոմեքենան ջարդուխուրդ անելով փոսերի մեջ, տեսանք, որ զավթվել է այն հատվածը, որը ծառայում էր որպես կայանատեղ։ Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի ղեկավարությունը, այդ հարցերի պատասխանատուները չե՞ն տեսնում սա։
Անցնենք առաջ։ Նույն ավտոմեքենայով, իհարկե։ Ամբողջ ճանապարհի երկու կողմից աղբակույտեր են, կենցաղային աղբի կույտեր։ Երբեք չեմ նկատել, որ այստեղ մաքրվի։ Իսկ վերջին տարիներին մի նոր բան է կատարվում։ Գերեզմանոցի արևելյան մասը, երկաթգծի հատվածը, դարձել է շինարարական աղբի թափման վայր։ Մի զազրելի տեսարան է և լիովին անհարիր գերեզմանոցի, գերեզմանի, հանգուցյալի հանդեպ մեր ունեցած ավանդական ակնածալից վերաբերմունքին։
Ո՞Ւմ պարզ չէ, որ ցանկացած վարչական շրջանի տարածքում որևէ քայլ չի կարող արվել և չի արվում առանց շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան պատասխանատուի գիտության։ Իսկ պատասխանատուի արձագանքը բացառապես ընտրովի է։ Միայն թե փող դուրս գա, չէ՞, պարոն Քոթանջյան։
Դե, արի ու հռետորական հարցադրում մի արա. հիշո՞ւմ եք, Արայիկ Յուրջանի Քոթանջյան, թե ինչպես ապօրինությամբ նստեցիք թաղապետի աթոռին` համայնքի բնակչության սերը վայելող Ռուբեն Սինոյանի փոխարեն, որն այդ անգամ էլ էր ընտրվել, սակայն դատական ապօրինի (պատվիրովի) գործողությամբ Ձեզ` անարժանին, անսկզբունքայինին շնորհվեց թաղապետի աթոռը։
«Այդ մարդը տեղական ինքնակառավարման մարմինների 2005 թ. ընտրություններում չէր հաղթել,- ընտրատարածքային հանձնաժողովի անդամներից մեկի խոստովանությունն է,- ընտրվել էր գործող թաղապետը` Ռուբեն Սինոյանը։ Չգիտես ում քաղաքական որոշմամբ Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը ելքը որոշեց Քոթանջյանի օգտին։ Այսպես, թեկնածուներից ամենաթույլն ու ամենից անալին «արժանացավ» բնակչության մեծամասնության «համակրանքին»։
Այս մարդու առաջին գործը բարեկարգման ծրագրի շրջանակներում Քանաքեռ-Զեյթուն համայնքում ասֆալտապատված փողոցների ասֆալտի շերտի հաստության չափումն է եղել։ Իրավապահ մարմինները հանցակազմ չեն բացահայտել, իսկ գործընկերները` Երևանի մյուս համայնքների «հնաբնակ» թաղապետերը, իրենց նորընծա պաշտոնակցի այդ գծուծ քայլը քաղաքապետարանում գնահատել են ըստ արժանվույն` ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցություններից մեկի ավարտին նրան այպանելով ու մի-մի չափալախ հասցնելով։
Թաղապետի աթոռին բազմելուց հետո, ի տարբերություն իր նախորդի, որը մինչ օրս էլ «խրուշչովկայում» է ապրում, պարոն Քոթանջյանը միայն ու միայն սեփական բարեկեցության մասին հոգաց, մոռացավ, որ, այո՛, իր անմիջական պարտականությունը նաև վարչական տարածքում աղբ հավաքելն ու շրջապատի մաքրությունն ապահովելն է։
Պարոն Քոթանջյան, փողոցների ասֆալտի հաստությունը կամ բարակությունը չափչփելու փոխարեն լուրջ գործով զբաղվեք ու հիշատակված հատվածն ազատեք օրեցօր գրոհող աղբից ու առնետներից։
Երջանիկ ԲԱԼՅԱՆ

Դիտվել է՝ 1820

Մեկնաբանություններ